• Tigran Khachatryan

Հեղինակության իրավունք (the right of attribution):

Updated: Oct 22, 2019

Հեղինակության իրավունքը ենթադրում է սեփական ստեղծագործության հեղինակ ճանաչվելու և այդ փաստի ճանաչումը բոլոր երրորդ անձանց կողմից պահանջելու՝ օրենքով նախատեսված հնարավորություն։


Ավելի պատկերավոր լինելու համար՝ հեղինակության իրավունքը պարզաբանենք օրինակի՝ թիվ ԵԱԴԴ/3562/02/17 քաղաքացիական գործի հիման վրա։


Գործի նյութերի համաձայն՝ «Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի 576-630 էջերին զետեղված անձնանունների և 631-666 էջերին զետեղված տեղանունների ցանկերը կազմվել էին Գարեգին Ղազարյանի կողմից։

Այդ ցանկերը օրենքի ուժով հանդիսանում են ածանցյալ ստեղծագործության արդյունք, հետևաբար դրա հեղինակության իրավունքը պատկանում է այն կազմող Գարեգին Ղազարյանին:


Հարկ է հիշեցնել, որ բերված օրինակում խոսքը գնում է գրքի մասին, սակայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ստեղծագործությունը կարող է լինել ոչ միայն գրականության, այլ նաև գիտության կամ արվեստի բնագավառում, իսկ հեղինակը այն ֆիզիկական անձն է, ով ստեղծել է ստեղծագործությունը։

Ստեփան Հասան-Ջալալյանը գրքի մնացած էջերի հեղինակն էր։ Նա Գարեգին Ղազարյանին ցանկերի կազմման դիմաց վճարել էր 60.000 ՀՀ դրամ, հրատարակել էր գիրքը, սակայն որևէ կերպ չէր նշել ցանկերը կազմողի անուն ազգանունը:


Արդյունքում, Դատարանը եզրակացրել էր որ պատասխանող Ստեփան Հասան-Ջալալյանը՝ որպես «Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքում անձնանունների և տեղանունների ցանկերի կազմող որևէ կերպ Գարեգին Ղազարյանին չնշելով՝ խախտել է նրա հեղինակության իրավունքը։


Հարկ է նշել, որ օրենքը սահմանում է այն պաշտպանական միջոցների շրջանակը, որոնցից կարող է օգտվել հեղինակը կամ իրավատերը:

Մասնավորապես, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել


ա) իր իրավունքների ճանաչում. բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում. գ) նմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում. դ) վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը)` օրենքով սահմանված կարգով: ե) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը. զ) դատական վճռի հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով և մասով, իրավախախտողի միջոցների հաշվին. է) իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում:

Հիշյալ միջոցներից Գարեգին Ղազարյանը պահանջել էր իր իրավունքների, մասնավորապես՝ հեղինակության իրավունքի ճանաչում, այսինքն՝ պահանջել էր ճանաչվել «Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի անձնանունների և տեղանունների հեղինակ, ինչն էլ բավարարվել էր դատարանի կողմից:


Դատարանը վճռել էր ճանաչել Գարեգին Ղազարյանի հեղինակության իրավունքը «Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի անձնանունների և տեղանունների ցանկերի նկատմամբ և պարտավորեցնել Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանին վճիռն օրինական ուժ ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, իր մոտ պահպանված գրքերում, որպես անձնանունների և տեղանունների ցանկերի կազմող առանձին թերթիկի տեղադրման (փակցման) միջոցով նշել Գարեգին Ղազարյանի անուն ազգանունը, ինչպես նաև Գարեգին Ղազարյանին՝ որպես ցանկերի կազմող նշել գրքի հրատարակման կամ վերահրատարակման դեպքում։

Lawrex.am

Լո Ռեքս ՍՊԸ

ՀՎՀՀ  00158576

Հաշվեհամար 1930071256880100

 

+374 55353692

© 2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են