• Tigran Khachatryan

Վիրավորանքի և զրպարտության դեմ պաշտպանություն հեղինակության իրավունքի խախտման հիմքով:

Արդյո՞ք հնարավոր է պահանջել վիրավորանքի և զրպարտության դեմ պաշտպանություն այն հիմքով, որ խախտվել են հեղինակային իրավունքները, մասնավորապես՝ հեղինակության իրավունքը:

Վիրավորանքից և զրպարտությունից պաշտպանությունը ներառված չէ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցների շարքում: Միևնույն ժամանակ, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում:

Վերոգրյալի հետ կապված հարկ է անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասին, որի համաձայն՝ քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման: Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են նույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:

Վերոգրյալ նորմերի մեկնաբանման արդյունքում պարզ է դառնում, որ այն դեպքում, երբ առկա է հեղինակի անվան իրավունքի խախտում, օրինակ, երբ առանց հեղինակի համաձայնության նրա անունը փոփոխում կամ աղավաղում են, հեղինակը, բացի իր իրավունքները ճանաչելու պահանջից, կարող է պաշտպանություն հայցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով, եթե իր անվան օգտագործումը կամ աղավաղումը վիրավորանքի և զրպարտության հատկանիշներ է պարունակում:

Եվ հակառակը, հեղինակի անունը չնշելը կամ որպես հեղինակ չճանաչելը չի կարող հանգեցնել վիրավորանքի կամ զրպարտության, քանի որ վիրավորանքի և զրպարտության կանոնները կիրառելի կլինեն միայն այն դեպքում, երբ հեղինակի անունը աղավաղվեր կամ օգտագործվեր հեղինակի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով:

«Աղավաղել» բառը արդի հայերենի բացատրական բառարանում սահմանվում է որպես «այլայլել», «փոփոխել», ինչը նշանակում է, որ նախ՝ հեղինակի անունը պետք է օգտագործվի և նոր միայն այդ օգտագործած անունը փոփոխված լինի այնպես, որը լինի կամ վիրավորական, կամ զրպարտչական:

Մինչդեռ, տվյալ իրավիճակում բողոք բերողն ի սկզբանե չի ճանաչվել հեղինակ, որով խախտվել է վերջինիս հեղինակության իրավունքը: Բացի այդ, բողոք բերողի անունը առհասարակ չի օգտագործվել, ինչը, ինչպես արդեն նշվել է, հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքի խախտում է:

Lawrex.am

Լո Ռեքս ՍՊԸ

ՀՎՀՀ  00158576

Հաշվեհամար 1930071256880100

 

+374 55353692

© 2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են